ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՇԿՅԱՆ. «ՄԵՐ ՔԱՂԱՔԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ՀՈԳԱՏԱՐ ՁԵՌՔԵՐ»

05/25/2009
ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշկյանի հարցազրույցը «Պոստ Սկրիպտում» ամսագրին


- Պարոն Քուշկյան, մայիսի 31-ին  տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրությունները: Դուք  գլխավորում եք ԲՀԿ համամասնական ցուցակը: Ի՞նչ նշանակություն ունի  Երևանը ձեզ  համար:

- Ինչպես կասի յուրաքանչյուր երևանցի՝ սա իմ քաղաքն է, իմ հիշողություններն են, իմ ներկան է, իմ  և սերունդների ապագան է: Հպարտանում եմ Երևանի ամեն մի նվաճումով և առավելությամբ, մտահոգվում եմ ամեն մի խնդրով: Եվ, անկախ իմ զբաղեցրած դիրքից, միշտ ծառայել եմ և կծառայեմ իմ քաղաքի մշտական զարգացման գործընթացին: Մեր քաղաքին հարկավոր են հոգատար ձեռքեր:

- Ինչպիսի՞նն է ձեր մանկության ու պատանեկության Երևանը: Ինչպիսի՞նն եք այն հիշում:

- Ձեր հարցը հաճելի հիշողություններ է առաջացնում: Այո,շատ գեղեցիկ էր իմ մանկության և պատանեկության Երևանը: Ապրում էի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, սովորում էի Պուշկինի անվան դպրոցում: Այդ սքանչելի շինությունները, զբոսայգիները, պուրակները, շատրվանները հիացմունք էին առաջացնում:

- Կա՞ մի բան,  որ  կուզենայիք ձեր մանկության Երևանից  ետ բերել:

- Իսկապես հետաքրքիր է: Երևանը ավելի է զարգացել, մեծացել, ժամանակակից դարձել: Բայց, իրավ, կա ինչ-որ մի բան այն հին Երևանից, որ բոլորս կուզեինք նորից տեսնել և վայելել: Երևի՝ պարզ, կանաչ զբոսանքի վայրեր, մանկական այգիներ, պարզ Կարապի լիճ, պարզ ցայտաղբյուրներ, ավելի հայկական ճարտարապետություն, ավելի պարզ մայթեր և իհարկե` ավելի երջանիկ երևանցիներ:

- Ի՞նչ  գույների մեջ եք  տեսնում մեր քաղաքը:

- Ես համաձայն եմ, որ  վարդագույնը միշտ բնորոշ է եղել Հին Երևանի համար: Բայց այսօր, ինչպես ամբողջ աշխարհում, ժամանակակից շինարարությունը կարող է կատարվել բաց երանգներով: Կարևոր է, որ յուրաքանչյուր կառույց ունենա բարձր ճարտարապետական արժեք` անպայման պահպանելով հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթները:

- Ձեզ վստահել է  կուսակցականների մի մեծ թիմ`  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Մե՞ծ է արդյոք պատասխանատվության զգացումը:

- Պատասխանատվությունը իսկապես շատ մեծ է, որովհետև պատասխանատու եմ մի մեծ թիմի  և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առջև: Կասեմ միայն, որ ջանք չեմ խնայի, որպեսզի մեր կուսակցության նախընտրական ծրագիրը կյանքի կոչվի, կաշխատեմ այնպես, որ իմ գործընկերները և մեր ժողովուրդը հետզհետե էլ ավելի վստահեն մեզ:

- Ինչպիսի՞նն է Երևանի զարգացման ձեր կուսակցության ծրագիրը:

- Ամենակարևոր հարցն է երևի… Երևանի զարգացման մեր նախընտրական ծրագիրը կազմել ենք կուսակցության լավագույն մասնագետների հետ համատեղ, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ: Հիմք ենք  ընդունել քաղաքի խնդիրների ուսումնասիրությունը, քաղաքացիների հարցման արդյունքները:  Կարծում եմ` առավելագույնս ընդգրկվել են բոլոր  հասունացած խնդիրները և նրանց լուծման ճանապարհները: Լուրջ ու ծանրակշիռ. ահա այսպիսինն է Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ նախընտրական ծրագիրը: 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը ներառում է մայրաքաղաք Երևանի սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային, կրթական, քաղաքաշինական, ժողովրդագրական զարգացման ուղղությունները: Երևանի կառավարման համակարգը պետք է խստորեն առաջնորդվի Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրով, որից էլ բխելու են գլխավոր հատակագծի իրացման միջոցառումները: Անհրաժեշտ է վերջ տալ բնակելի, մշակութային, կրթական շենքերի կամայական շինարարությանը, մայրաքաղաքի ճարտարապետական դեմքը խաթարող անճաշակ փոփոխություններին: Անհրաժեշտ է վերականգնել քաղաքի թամանյանական ոգին:

Համատիրությունները պետք է դեմքով շրջվեն դեպի բնակիչը, լավատեղյակ լինեն տարածքում բնակվող բազմազավակ և միայնակ մայրերի, ծերերի, երեխաների, զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքների խնդիրներին: Համատիրությունը պետք է աջակցի մեր համաքաղաքացիներին, այլ ոչ թե իր միակ պարտականությունը համարի տարատեսակ վարձավճարների հավաքումը: Պետք է լուծվեն շենքերի տանիքների, շքամուտքերի, աստիճանավանդակների և բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման այլ տարածքների պատշաճ սպասարկման ու շահագործման խնդիրները: Բարեկարգ բակերը, մարզական հրապարակները, կանաչ տարածքները պետք է դառնան երևանցի երեխաների թե՜ առողջության, թե՜ գեղագիտական դաստիարակության կարևոր բաղկացուցիչներ: Քաղաքային իշխանությունը պետք է լինի գիտության ու մշակույթի ներկայացուցիչների լավագույն բարեկամը:

Պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Երևանի կենտրոնով հոսող Հրազդան գետի, համանուն կիրճի և Երևանյան լճի էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու և դրանք մայրաքաղաքի բնակչության հանգստյան գոտի դարձնելու խնդրին:  Երևանցին պետք է համոզված լինի, որ իր քաղաքը տեր ունի  և այդ տերը հենց ինքն է: Սրանք մեր կուսակցության ծրագրի դրույթներն են, որոնք, բնականաբար, կյանքի են կոչվելու, սակայն շատ ավելի կարևոր է Երևանի սիրտն ու հոգին վերադարձնելը, երևանցու կերպարի վերականգնումը:

- Քարոզարշավն արդեն մի քանի օր է` ընթացքի մեջ է: Ի՞նչ հանդիպումներ եք ունեցել, ի՞նչ հանդիպումների ու միջոցառումների պլաններ կան:

- Մի քանի հանդիպումներ ենք ունեցել Երևանի տարբեր համայնքների բնակիչների հետ: Հանդիպումներին հազարավոր մարդիկ են մասնակցում: Մեր քաղաքական թիմը հանդիպումների շրջանակներում ներկայացնում է մեր կուսակցության նախընտրական ծրագիրը, լսում մարդկանց  կարծիքները: Մենք խոստումներ չենք տալիս: Ընդամենը խորհուրդ ենք  տալիս  ծանոթանալ մեր նախընտրական ծրագրին, և եթե հավանության արժանանա այն, ապա մայիսի 31-ին ԲՀԿ-ին տալ  իրենց վստահության քվեն: Մինչ քարոզարշավի ավարտը մենք  դեռ  բազմաթիվ հանդիպումներ ենք ունենալու Երևանի բոլոր համայնքների բնակիչների հետ, նրանց  ենք ներկայացնելու Երևանի զարգացման մեր տեսլականը: Այս  ժամանակահատվածում երևանցին հնարավորություն ունի լսելու ընտրապայքարին մասնակցող  բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը և վերջում ընտրություն կատարել այդ ծրագրերի միջև: Մենք հավատացած ենք, որ մեր առաջարկած ծրագիրը և թիմը, որը մասնակցելու է ընտրություններին, ի զորու են Երևանը դարձնել ավելի գեղեցիկ, ավելի մաքուր, ավելի բարեկարգ, իսկ երևանցիների կենցաղը` առավել հարմարավետ:

- Երևանի քաղաքապետ դառնալու դեպքում որո՞նք  են լինելու ձեր հիմնական անելիքները: Նշեք  առաջնահերթությունները:

- Առաջիկա մի քանի տարում մենք անհրաժեշտ ենք համարում ավարտին հասցնել Երևանի փողոցների, մայրուղիների և հետիոտն անցումների վերակառուցման և բարեկարգման աշխատանքները, շարունակել կամուրջների վերականգնման ու ամրացման աշխատանքները, իրականացնել 4-րդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետևանքով բնակարանից զրկված բնակիչների համար բնակելի շենքերի շինարարություն, Երևանի շուրջ կառուցել օղակաձև ժամանակակից  ավտոճանապարհ, որպեսզի հանրապետության հյուսիսային շրջաններից դեպի հարավ գնացող  և հատկապես բեռնատար մեքենաները շրջանցեն Երևանը, Երևանցին պետք է ունենա շուրջօրյա ջրամատակարարում, Երևանի պետք է լինի լուսավորված, կանաչ, գիտության, մշակույթի, միջազգային զբոսաշրջության կենտրոն, Երևանը պետք է ունենա ներդրումային առավել բարձր գրավչություն: Մենք գիտակցում ենք, որ անելիքները շատ են, բայց նաև համոզված ենք, որ միասնական աշխատանքի  շնորհիվ  կարճ ժամանակահատվածում հնարավոր է հասնել նախանշված բոլոր խնդիրների լուծմանը:

- Առողջապահության նախարարի պաշտոնում ևս  ձեր ծանրաբեռնվածությունը ըստ ամենայնի շատ է եղել: Երևանի քաղաքապետ դառնալու դեպքում, ամենայն հավանականությամբ,  ևս ազատ ժամանակ դժվար ունենաք: Ինչպե՞ս է  ձեր ընտանիքը վերաբերում այս  ամենին:

 - Իմ աշխատանքային տարիների ընթացքում միշտ էլ ծանրաբեռնված եմ աշխատել, և իմ ընտանիքը  ոչ միայն ըմբռնումով է մոտեցել, այլև մշտապես աջակցել և քաջալերել է նոր գործերը և նոր նվաճումների ճանապարհին և մշտապես հպարտացել:

- Ընտրարշավին մի քանի քաղաքական ուժ է մասնակցում: Ինչպե՞ս  եք գնահատում այս  հանգամանքը: Ի՞նչ խորհուրդ  կտայիք  ձեր մրցակիցներին:

- Դա խոսում է ժողովրդավարության մասին, ես ողջունում եմ տարբեր քաղաքական ուժերի մասնակցությունն այս ընտրություններում, եթե ընտրություններն էլ անցնեն այդքան գեղեցիկ և քաղաքակիրթ, ես դա միայն կողջունեմ:

- Ի՞նչ կոչ կանեիք մայիսի 31-ին ընտրության գնացող ընտրողներին:

- Գնալ ընտրության, ընտրել իրենց կողմից ընդունելի և արժանի քաղաքապետի: Մենք հավատացած ենք, որ մեր ծրագրային հիմնադրույթների իրականացումը արմատապես կբարելավի մեր կյանքի որակը, կձևավորի փոխադարձ վստահության մթնոլորտ ժողովրդի և քաղաքային իշխանության միջև: Դա հնարավոր է միայն մեր համաքաղաքացիների վստահության քվեն ստանալով: Տվեք ձեր ձայնը «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությանը և պահանջեք գործ: Ձեր վստահության քվեից է կախված լինելու մեր ծրագրերի ամբողջական իրականացումը:

Միասին շենացնենք մեր Երևանը: Միասին կառուցենք բարգավաճ երկիր: