ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՇԿՅԱՆ. «ՎՍՏԱՀԵՔ ՄԵԶ և ՊԱՀԱՆՋԵՔ ԳՈՐԾ»

05/19/2009
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական հանդիպումը երևանցիների հետ կայացավ Դավիթ Անհաղթի զբոսայգում: Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ հանդիպեցին ԲՀԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշկյանը, Քաղխորհրդի անդամներ և ընտրական ցուցակի թեկնածուներ:

ԲՀԿ ներկայացուցիչների ելույթները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի, կուսակցության ծրագրային հիմնադրույթների մասին էին: ԲՀԿ ընտրական ցուցակի թեկնածուները մասնավորապես նշեցին, որ Երևանցին պետք է ունենա շուրջօրյա ջրամատակարարում, ՀՀ մայրաքաղաքում անհրաժեշտ է կատարել կանաչապատման աշխատանքներ, այն վերածել գիտության և մշակույթի կենտրոնի: Հատկապես կարևորվեց Երևանը զբոսաշրջային կենտրոնի վերածելու անհրաժեշտությունը:

Ելույթ ունենալով բազմահազար ունկնդիրների առջև՝ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշկյանը կոչ արեց ներկաներին վստահ կատարել ճիշտ ընտրություն: «Սիրելի երևանցիներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, վերջինիս ղեկավար Գագիկ Ծառուկյանը համոզված են, որ Ձեզ ներկայացվող ծրագրային հիմնադրույթների իրականացումը արմատապես կբարելավի մեր կյանքի որակը, կձեւավորի փոխադարձ վստահության մթնոլորտ ժողովրդի եւ քաղաքային իշխանության միջեւ: Սիրելի համաքաղաքացիներ, դա հնարավոր է միմիայն Ձեր օգնությամբ: Տվեք Ձեր ձայնը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ պահանջեք գործ»,- իր ելույթն այսպես ավարտեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշկյանը:

Հավաքվածներին իր խոսքն ասաց  նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Սիրելի երևանցիներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցույթունը միշտ իր խոսքը գործի է վերածել: Վստահեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և պահանջեք գործ: Ձեր վստահության քվեից է կախված լինելու մեր ծրագրերի ամբողջական իրականացումը, երևանցին պետք է համոզված լինի, որ քաղաքը տեր ունի, և այդ տերը հենց ինքն է»,- իր ելույթն ավարտեց պրն. Ծառուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաջորդ հանդիպումը կայանալու է  Էրեբունի և Նուբարաշեն համայնքների բնակիչների հետ մայիսի 22-ին, Ազատամարտիկների այգում: