ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ

05/10/2009
Մայիսի 10-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի անդամները` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ, հանդիպեցին մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի բնակիչներին:

Մինչև հանդիպման մեկնարկը տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի հերոս Վահագն Վարդանյանի անվան հուշատախտակի բացման արարողությունը: Գարեգին Նժդեհի անվան հրապարակում հավաքված բազմահազար շենգավիթցիներին ներկայացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը և վերջինիս հիմնադրույթները: 

ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ելույթ ունենալով շենգավիթցիների առջև, նշեց, որ մայրաքաղաքն ունի բազմաթիվ խնդիրներ:

«Մենք պատասխանատվություն ենք ստանձնում հաղթանակի դեպքում հետևողականորեն լուծել Երևանի առջև ծառացած բոլոր խնդիրները: Անհրաժեշտ է ձևավորել պատասխանատու քաղաքային իշխանություններ, և ես, գլխավորելով համամասնական ցուցակը, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` վստահեք մեզ, մեր կուսակցությանը»,-շենգավիթցիներին դիմեց Հարություն Քուշկյանը:


ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կոչ արեց համայնքի բնակիչներին մասնակցել ընտրությանն ու վստահել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

«Ցանկանում եմ օգտակար լինել մեր մայրաքաղաքի, երկրի կայացման, զարգացման, բարգավաճման գործում, մեր երեխաների ապագան ավելի փայլուն պետք է լինի, դրա համար անհրաժեշտ է, որ մենք ճիշտ ընտրություն կատարենք: Յուրաքանչյուրը պետք է մտածի և ընտրությունը պետք է ճիշտ կատարի՝ հօգուտ երկրի, հօգուտ քաղաքի»,-ելույթում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: