Կենսագրություն

Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում:

1975-1977թթ.-ին Գագիկ Ծառուկյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում:

1989թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետը: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ուսուցիչ, ըմբշամարտի մարզիչ: 1996թ.՝ բազկամարտի աշխարհի, 1998թ.՝ Եվրոպայի չեմպիոն: 2004 թվականից` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ:

1990-2000թթ.-ին Գագիկ Ծառուկյանը զբաղվել է գործարարությամբ՝ դառնալով այդ ոլորտի Հայաստանի հայտնի դեմքերից մեկը: 1990-1992թթ. եղել է «Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը:
1995թ.-ին Գագիկ Ծառուկյանը հիմնադրում է«Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնը, որի կազմում այսօր կան շուրջ 40 ձեռնարկություններ: Ընդհանուր առմամբ այդ կառույցներում ներգրավված են 20 000-ից ավելի աշխատողներ:

Քաղաքական գործունեությամբ Գագիկ Ծառուկյանը սկսել է զբաղվել 2002թ.-ից: 2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, իսկ արդեն 2004թ.-ին հիմնադրել է«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: 2007թ.-ին առաջին անգամ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին՝ Բարգավաճ Հայաստանը ՀՀ Աժ-ում ձևավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը:

2012 թվականի խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը», Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ստացավ մեր հայրենակիցների ավելի քան 450 հազար քվե՝ խորհրդարանում ունենալով 37 պատգամավոր. իր մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» հրաժարվեց մաս կազմել իշխող քաղաքական կոալիցիայի։

2017 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հանդիսանալով «Ծառուկյան դաշինք»-ի առանցքային քաղաքական ուժ, մասնակցել է խորհրդարանական ընտրություններին՝ ստանալով մեր հայրենակիցների 430 հազար քվեն, խորհրդարանում ունենալով 31 պատգամավոր:

2018 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Ազգային ժողովում ձևավորելով 26 պատգամավորներից կազմված «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: 

2018-2021 թվականը հանդիսացել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար։

Պարգեւատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով (2002թ., Մայր աթոռ Ս. Էջմիածին), «Մովսես Խորենացի» մեդալով (2003թ.), «Ադամանդե աստղ» ասպետի նշանով (2005թ.), «Պյոտր Առաջին» (2006թ., ՌԴ) եւ «Ալեքսանդր Նեւսկի» (2007թ., ՌԴ) 1-ին աստիճանի շքանշաններով, «Արժանիքի մրցանակ» ՄՕԿ բարձրագույն պարգեւով (2006թ.), «Դմիտրի Դոնսկոյ» շքանշանով (2007թ., ՌԴ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2008թ.), «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակով (2009թ., Հայաստանի եվրոպական շարժում), Ասպետական (2014թ., Իտալիայի Հանրապետություն), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2015թ.), Պատվո (2016թ., ՀՀ),«Մեսրոպ Մաշտոց» (2016թ., ԼՂՀ) շքանշաններով, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի բարձրագույն պարգեւով (2016թ.):

Գագիկ Ծառուկյանը հանրությանը հայտնի է նաև իր մեծամասշտաբ բարեգործական ծրագրերով: 2000թ.-ից գործում է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը: Այս տարիների ընթացքում հիմնադրամի գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններից են հանդիսանում՝ եկեղեցաշինությունը, կրթական հաստատությունների օգնությունն ու երիտասարդական նախաձեռնությունների խրախուսումը, սոցիալապես անապահով խավերի աջակցությունը, համահայկական նշանակության ծրագրերի հովանավորությունը, համայնքային զարգացման ծրագրերի իրականացումը, գիտության, արվեստի, մշակույթի ու սպորտի ճանաչված մարդկանց մեծարումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների համակողմանի աջակցությունը:

Գագիկ Ծառուկյանն ամուսնացած է, ունի 6 երեխա: