ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ. «ԲՈԼՈՐ ՆԱԽԱԴՐԱՅԼՆԵՐՆ ՈՒՆԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

04/11/2009
Այսօր  «Ազդակ» ակումբի հյուրն էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը. ասուլիսի թեման էր «ԲՀԿ-ի՝ հաղթանակի հասնելու հնարավորությունները Երևանի ավագանու ընտրություններում»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գրեթե ավարտել է նախընտրական շտաբերի և ենթաշտաբերի ձևավորումը: Եթե ընտրությունները կայանային վաղը, մենք պատրաստ ենք բարձր մակարդակով ընտրապայքարին մասնակցելու:  Կուսակցության թեկնածու Հարություն Քուշկյանը վայելում է երևանցիների հարգանքը: Մենք բոլոր նախադրյալներն ունենք ընտրություններում հաղթելու համար»,-տեղեկացրեց Խաչիկ Գալստյանը:

«Ո՞վ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնական մրցակիցը» հարցին Խաչիկ Գալստյանը պատասխանեց, որ կուսակցությունը բոլոր մրցակիցներին էլ հարգանքով է վերաբերում: «Կարծում եմ՝ հիմնական պայքարը կծավալվի «Բարգավաճ Հայաստանի», ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի առաջադրած թեկնածուների միջև»,-հավելեց Խաչիկ Գալստյանը:

Լրագրողներին հետաքրքեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը վերջերս մամուլում հայտնված «100 տոկոսանոց» ցուցակների շուրջ: «Մենք վստահ ենք, որ մայիսի 31-ին կայանալիք ընտրություններում երևանցին քվեարկելու է՝ առաջնորդվելով իր խղճով, մենք այդ օրն ամեն ինչ անելու ենք երևանցու ազատ ընտության իրավունքն ապահովելու համար: Երևանի ավագանու ընտրությունների համար նախատեսված շուրջ 430 ընտրատեղամասերից շատերում ունենալու ենք մեր վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին, ովքեր անելու են հնարավորը Երևանի ավագանու ընտրություններն ազատ և թափանցիկ անցկացնելու համար»,-նշեց Խաչիկ Գալստյանը:

Խաչիկ Գալստյանն անդրադարձավ նաև հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը, ինչպես նաև այս հարցի շուրջ կուսակցության դիրքորոշմանը: «Իհարկե, հայ-թուրքական սահմանի բացումը դրական քայլ է երկու պետությունների համար, սակայն հայ-թուրքական սահմանը պետք է բացվի առանց որևէ նախապայմանների, սա է կուսակցության դիրքորոշումը»,-վստահ է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը:

Խաչիկ Գալստյանը ներկայացրեց նաև ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ:  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կառուցել նախադեպը չունեցող մարզական համալիր: «Համալիրի կառուցման համար ներդրվելու է 2 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մարզական համալիրը մեծապես կնպաստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խոստումնալից մարզիկների բացահայտմանը»,- ասուլիսի ավարտին տեղեկացրեց Խաչիկ Գալստյանը: