ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
02/14/2009

Սատարելով Հայաստանի իշխանությունների որդեգրած խաղաղ կարգավորման սկզբունքներին` մենք համոզված ենք, որ այդ սկզբունքները բավարար են՝ փոխադարձ զիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզորացումը համայն հայ ժողովրդի խնդիրն է եւ պետք է իրագործվի հայրենիքի եւ Սփյուռքի ջանքերի մեկտեղման շնորհիվ։
Մեզ համար անընդունելի են ղարաբաղյան խնդիրը շահարկելու միջոցով հայ հասարակությունը պառակտելու եւ ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու բոլոր փորձերը։ Մենք Հայաստանի քաղաքական ուժերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործելաոճից, որը կարող է խաթարել մեր ազգային միասնությունը եւ թուլացնել մեր դիրքերը բանակցային գործընթացում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հետեւողականորեն հանդես է գալու Հայաստանի Զինված Ուժերի մարտունակության բարձրացման, աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության ուժեղացման, հայոց բանակի եւ հայ ժողովրդի միասնության, հանուն մեր հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման գերագույն նպատակի` բոլոր առողջ ուժերին համախմբելու դիրքերից:
Ընդունված է ԲՀԿ 4-րդ համագումարում, 12 փետրվարի 2009 թ.