ՀԱՕԿ-Ի ՀՐԱՎԵՐՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՐԶԻՉ Վ. ՄԱՐԳՐԵՅՏԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի ձմեռային մարզաձևերի ներկայացուցիչները լրջորեն են նախապատրաստվում Կանադայի Վանկուվեր քաղաքում 2010 թվականին անցկացվելիք օլիմպիական խաղերին: Բարձրակարգ մարզիկներ պատրաստելու գործում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը կարևորում է առաջնակարգ մասնագետների դերը: Այդ նպատակով ՀԱՕԿ-ը Հայաստան է հրավիրել միջազգային ճանաչմանն արժանացած մասնագետ, լեռնադահուկային սպորտի մարզիչ Վերներ Մարգրեյտերին:
Միջազգային օլիմպիական կոմիտեի «Օլիմպիական համերաշխություն» կազմակերպության ծրագրի շրջանակներում Վերներ Մարգրեյտերը Ծաղկաձորի օլիմպիական մարզավանում հունվարի 27-ից փետրվարի 4-ը ղեկավարեց տեխնիկական-մարզչական դասընթացը, որին մասնակցեցին Երևանի, Ծաղկաձորի, Վանաձորի և Ապարանի լեռնադահուկային սպորտի 25 մարզիչներ:
Վերներ Մարգրեյտերը տեսականին զուգահեռ անցկացրեց նաև գործնական մարզումներ: Մասնագետները ձյան վրա էին յուրացնում մարզաձևի նորությունները, որոնք արդեն փոխանցում են իրենց սաներին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նպատակը մեկն է՝ օլիմպիական վարկանիշ ձեռք բերել Վանկուվերի ձմեռային գլխավոր մարզահանդեսին մասնակցելու համար:
Վ. Մարգրեյտերը մեծ համբավ ունի մարզաշխարհում, մարզել է ԱՄՆ-ի, Ավստրիայի և Գերմանիայի ազգային հավաքականները:

