ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՀԱՕԿ-ի ՆԱԽԱԳԱՀ

12/04/2008

Դեկտեմբերի 4-ին Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի  հատուկ համաժողովը:

Կանոնակարգային արարողություններից  հետո սկսած նիստում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մեդալներ հանձնեց հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում նշանակալի ներդրում ունեցած մի շարք մասնագետների:  Այնուհետև ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը ներկայացրեց 2005-2008 թթ. օլիմպիական քառամյակում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կատարած աշխատանքների մանրամասն հաշվետվությունը: Ներկայացվեց  նաև նույն ժամանակահատվածում օլիմպիական կոմիտեի ֆինանսական գործունեությունը:

Օրակարգային կարևոր նշանակություն ունեցող հարցերից էին նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի, տեղակալների, գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները: Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում  կրկին առաջարկվեց Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, ով իր պաշտոնավարության ընթացքում անձամբ լուրջ մասնակցություն է ունեցել ՀՀ-ում սպորտի զարգացման գործում: Շնորհակալություն հայտնելով այդ պատասխանատու պարտականությունը կրկին իրեն վստահելու համար` Գագիկ Ծառուկյանը հավաստիացրեց, որ շարունակելու է աշխատել նույն սկզբունքով` անել հնարավոր ամեն բան Պեկինում արձանագրված ձեռքբերումները 2012 թ. Լոնդոնի օլիմպիական խաղերում բարելավելու համար:

Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ ևս վերահաստատեց  այն միտքը, որ այս կամ այն ոլորտը ղեկավարելու են միայն նրանք, ովքեր իրենց մասնագիտական որակներով համապատասխանում են զբաղեցրած պաշտոններին ներկայացվող պահանջներին:

«Ընկերություն կարող ենք անել աշխատանքից ազատ ժամերին.-ասաց ՀԱՕԿ-ի նախագահը և ավելացրեց.- բայց  գործի մեջ լինելու եմ պահանջկոտ: Ինքս ոչ բարեկամ ունեմ, որին հարկավոր է գործի տեղավորել, ոչ էլ մտադիր եմ նման հարցերում որևէ մեկին ընդառաջել: Այս մասին ես վաղուց եմ հայտարարել: Ու համոզվել եք, որ այդպես էլ կա: Նկատի ունեմ մեր որոշ մարզաձևերի ազգային հավաքականների գլխավոր և երկրորդ մարզիչներին այլ մասնագետներով փոխարինելը: Հիմա նույնը վերաբերում է նաև մարզադպրոցների տնօրեններին: Ով արդյունք չի տալիս` իր տեղը զիջելու է մեկ ուրիշի: Այդպես կշարունակվի այնքան, մինչև կգտնվեն ամենաարժանավորները: Հիմա մեկ անգամ ևս տեղյակ եմ պահում, որ հավաքականների մարզիչների, մարզադպրոցների տնօրենների հետ աշխատանքային պայմանագիր ենք ստորագրելու մեկ տարի ժամանակով: Դա մի յուրօրինակ փորձաշրջան է լինելու: Աշխատել կշարունակեն նրանք, ովքեր սպասելիքները կարդարացնեն,  ստանձնած պարտավորությունները կկատարեն: Հակառակ պարագայում միմյանց հրաժեշտ ենք տալու»:

ՀԱՕԿ-ի փոխնախագահների և գլխավոր քարտուղարի թեկնածություններ առաջարկելու պատասխանատվությունը դահլիճը վստահեց  արդեն վերընտրված Գագիկ Ծառուկյանին: Հատուկ նիստի մասնակիցները հաստատեցին պարոն Ծառուկյանի ներկայացրած թեկնածուներին` Ռազմիկ Ստեփանյանին որպես առաջին փոխնախագահ, Վահրամ Առաքելյանին, Դերենիկ Գաբրիելյանին, Հոկսեն Գրիգորյանին որպես նախագահի տեղակալներ, ինչպես նաև Արմեն Գրիգորյանին որպես ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար:

Համաժողովը հաստատեց  նաև ՀԱՕԿ-ի գործադիր կոմիտեի կազմը, որը  համալրվեց մեկ անդամով` հասնելով 20-ի: