ՀԱՋՈՂ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

11/03/2008
Պեկին, 3 նոյեմբերի (Սինխուա) - Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի Քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը նոյեմբերի 3 -ին Պեկինի Ժողովրդական ժողովների տանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակության հետ, որը գլխավորում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:



Հանդիպման ընթացքում Լի Չանչունը ընդգծել է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պահից ի վեր, նշելով քաղաքական, առեւտրատնտեսային, գիտատեխնիկական եւ գյուղատնտեսության ոլորտում գործակցության հետեւողական զարգացումը եւ դրական արդյունքները:

Անցած տարի 2 երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 15 – րդ տարեդարձի առիթով անցկացվել են բազմաթիվ հոբելյանական միջոցառումներ, ինչը նպաստեց Հայաստանի եւ Չինաստանի բարեկամության հասարակական հենքի ընդլայնմանը: Լի Չանչունը նկատել է, որ ՉԿԿ – ն եւ Չինաստանի կառավարությունը լուրջ ուշադրություն են դարձնում հայ-չինական հարաբերություններին, ողջունում են Հայաստանի հավատարմությունը «Միասնական Չինաստանի» քաղաքականության նկատմամբ, ձգտելով հայկական կողմի հետ համատեղ փոխադարձ հարգանքի, հավասարության եւ փոխշահավետ գործակցության հիման վրա զարգացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը` ի շահ երկու երկրների ժողովուրդների բարօրության:

Լի Չանչունն արտահայտել է ՉԿԿ ձգտումը միջկուսակցական հարաբերությունների 4 հայտնի սկզբունքների հիման վրա զարգացնել բարեկամական գործակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, սովորել միմյանցից եւ իրականացնել փորձի փոխանակում` ի շահ երկկողմ միջպետական հարաբերությունների խորացման: Հայկական պատվիրակությանը Լի Չանչունը ծանոթացրել է բարեփոխումների ու թափանցիկության եւ երկրի արդիականացման քաղաքականության արդյունքներին:

Գագիկ Ծառուկյանը, իր հերթին, խոսել է Չինաստանի լրջագույն նվաճումներից ստացած խոր տպավորությունների մասին, որոնց այդ երկիրը հասել է բարեփոխումների եւ բացության 30 - ամյա քաղաքականության ընթացքում: Նա արտահայտել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձգտումը զարգացնել գործակցությունը եւ փորձի փոխանակումը Չինաստանի Կոմկուսի հետ, զարգացնել երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մարզական եւ այլ ոլորտներում: