ԲՀԿ-Ն ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԲՈԼՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

11/17/2007
Նոյեմբերի 17-ին` ուսանողության միջազգային օրը, «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր. այս առիթով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմակերպած միջոցառմանը մասնակցում էին ԲՀԿ երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամներ, կուսակցության Քաղխորհրդի անդամներ, տարբեր բուհերում սովորող ուսանողներ, կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ուսանողներ, ովքեր կարողացել են իրենց ուսումը շարունակել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ:

«Բոլորդ էլ գիտեք, որ մեր կուսակցության ծրագիրը շատ խոր եւ մանրամասն անդրադարձել է երիտասարդության խնդիրներին եւ ձեւակերպել մոտակա տարիներին այս ուղղությամբ անելիքը: «Բարգավաճ Հայաստանի» ծրագրում մենք հայտարարել ենք գիտելիքի վրա հիմնված տնտեսություն եւ հանրային կառավարում ունենալու անհրաժեշտության մասին»,- ուսանողությանն ուղղված ուղերձում նշել էր Գագիկ Ծառուկյանը` միաժամանակ ԲՀԿ նախագահը համոզմունք է հայտնել.-«անցել են այն ժամանակները, երբ հզոր տնտեսություն կարելի էր կառուցել բահերով եւ մուրճերով: Այսօր աշխարհն առաջ է գնում գիտության վերջին նվաճումների վրա հիմնված տեխնոլոգիաների շնորհիվ: Մենք ուզում ենք, որ Հայաստանը հետ չմնա իր զարգացման մեջ»:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վճարել է ավելի քան 1000 ուսանողների ուսման վարձը: Կուսակցության ղեկավարը խոստացել է, որ այս գործընթացը շարունակական է լինելու: «Խելացի, սովորելու ձգտում ունեցող, բայց ուսման համար վճարել չկարողացող ուսանողների աչքերը չպետք է արցունքոտվեն»,- ամփոփել է Գագիկ Ծառուկյանը:

Արդեն մի քանի տարի Հայաստանի տարբեր քաղաքներից եւ շրջաններից հազարավոր ուսանողներ Երեւանի բուհեր են գալիս ԲՀԿ ղեկավարի տրամադրած միջոցներով աշխատող ավտոբուսներով: Ի դեպ, նա խոստացել է, որ պարգեւների կարժանանան նաեւ հանրապետական եւ միջազգային օլիմպիադաներում առաջին երեք տեղերը գրաված աշակերտները: «Ես ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ՝ ուսման ձգտող բոլոր պատանիներն ու աղջիկները պետք է ունենան դրա հնարավորությունը: Ամեն մեկն իր գիտելիքի եւ հնարավորությունների չափով պետք է մասնակցի երկիրը շենացնելու գործին»,- ուղերձում ընդգծել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը:

Կուսակցության առաջնորդի ուղերձին հաջորդեց ԲՀԿ-ի ստեղծմանն ու գործունեությանը նվիրված ֆիլմի ցուցադրությունը: Ուսանողության միջազգային օրվան նվիրված կուսակցության կազմակերպած միջոցառման ավարտին տեղի ունեցավ մրցանակների հանձնում: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Գրիգորյանը կուսակցության երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի ակտիվ անդամներին պատվոգրեր եւ երաժշտական կենտրոններ հանձնեց: