Նաիրա Զոհրաբյանը մեղադրել է ԵԽ-ին

04/21/2015

Սա՛ է Եվրոպայի Խորհրդի կեղծ ժողովրդավարական դեմքը

Նաիրա Զոհրաբյանը մեղադրել է ԵԽ-ին

Այսօր ԵԽԽՎ-ում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, Հելսինկյան կոմիտեի եւ Մարդու Իրավունքների Միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ կազմակերպվել էր լսումներ՝ «Ադրբեջանի քաղաքական բանտարկյալները» թեմայով։ ԵԽԽՎ-ում կազմակերպված նման լրջագույն լսումներին ԵԽ անդամ որեւէ երկրի պատգամավոր, այդ թվում նաեւ՝ ադրբեջանական պատվիրակության որեւէ պատգամավոր ներկա չէր։ Լսումներին հրավիրված էր ադրբեջանցի քաղբանտարկյալներ Լեյլա եւ Արիֆ Յունուսուֆների դուստրը, ով պատմեց իր ծնողների հանդեպ Ադրբեջանում իրականացվող բռնությունների մասին։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են նաեւ Ադրբեջանում բազմաթիվ այլ քաղբանտարկյալների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն։ Մարդու իրավունքների Միջազգային Ֆեդերացիայի նախագահ Սուայր Բելհասենը առաջարկել է ԵԽԽՎ-ում անել հնարավորը՝ ադրբեջանական պատվիրակության իրավասությունները դադարացնելու համար։ «Խավիարային դիվանագիտություն» հայտնի վերլուծության հեղինակներից մեկը եւս առաջարկել է ԵԽԽՎ-ում հավաքել անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը բարձրացնելու եւ քննարկելու համար։ Ադրբեջանի քաղբանտարկյալների թեմայով քննարկման ժամանակ խոսել է նաեւ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ասել է՝ «Հարգելի գործընկերներ, այսօր այստեղ քննարկվում է լրջագույն մի հարց՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը։ Եւ նման կարեւորագույն հարցի քննարկմանը ներկա չեն ոչ միայն ադրբեջանական պատվիրակության անդամները, այլեւ այս հարցը, պարզվեց, չի հետաքրքրում նաեւ եվրոպական որեւէ երկրի ազգային պատվիրակության գեթ մեկ պատգամավորի։ Մինչդեռ, եվրոպացիներից որեւէ մեկը ոչ մի հարմար առիթ բաց չի թողնում խոսելու մարդու իրավունքներից եւ ժողովրդավարությունից։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է մեկ բան՝ սա՛ է Եվրոպայի Խորհրդի իրական ժողովրդավարական դեմքը՝ կեղծ ժողովրդավարական դեմքը։ Ես այլեւս ավելացնելու ոչինչ չունեմ»։ Իսկ արդեն լիագումար նիստի ժամանակ, Նաիրա Զոհրաբյանը նույն հարցն ուղղել է նաեւ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին՝ ասելով, որ այսօր գրեթե դատարկ դահլիճում Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցի քննարկումը խոսում է ԵԽ-ի, որպես երեսպաշտ կառույցի իրական դեմքի մասին։ Ի պատասխան հայ պատգամավորի, ԵԽ գլխավոր քարտուղարն ասել է՝ «Այն, ինչ տեղի է ունեցել այսօր՝ ես չեմ կարող մեկնաբանել։ Սակայն, դուք գիտեք, որ մենք ստեղծել ենք հատուկ հանձնաժողով՝ այդ հարցը քննարկելու համար։ Եւ Վենետիկի հանձնաժողովի հետ եւս աշխատում ենք՝ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք ունենք գործողությունների ծրագիր Ադրբեջանի հետ կապված, չնայած, մենք եւս այսօրվա քննարկմանը ներկա չենք եղել»։