Հանդիպում ԲՀԿ խմբակցությունում
Ապրիլի 3-ին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ ավագանու կին անդամները, Երիտասարդական խորհրդարանի ԲՀԿ կին ներկայացուցիչները հանդիպել են գենդերային հարցերով ԵԱՀԿ փորձագետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին պետնախարար, կանանց եւ իրավահավասարության հարցերով նախկին նախարար Մեգ Մանի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերով բաժնի փորձագետ Կատերինա Ռյաբիկոյի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը:
Ողջունելով հյուրերին՝ տիկին Զոհրաբյանը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում գերակշռում են նախաձեռնող կանայք, ովքեր մեծ դերակատարում ունեն կուսակցական աշխատանքում: Խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ Ընտրական օրենսգրքում ի թիվս այլ փոփոխությունների՝ իրենք կներկայացնեն առաջարկներ գենդերային քվոտաների մեխանիզմի ճիշտ ու արդյունավետ ներդրման, ինչպես նաեւ պետության կողմից կուսակցությունների ֆինանսավորման ավելացման վերաբերյալ:
Կատերինա Ռյաբիկոն նշել է, որ քաղաքական գործընթացներում կանանց մասնակցության եւ նրանց առաջխաղացման հնարավորությունների շրջանակում իրենք արդեն երկրորդ տարին է, ինչ համագործակցում են ԲՀ կուսակցության հետ: Նա կարեւորել է կուսակցական կանանց համար դասընթացների կազմակերպումը:
Մեգ Մանը ներկայացրել է իր մոտեցումները գենդերային հավասարության եւ քաղաքական գործընթացներում կանանց մասնակցության վերաբերյալ: Նա կարեւորել է կանանց դերը օրենսդրական աշխատանքում, կուսակցությունների քաղաքականության ձեւավորման եւ ներկուսակցական ժողովրդավարության հզորացման գործում:
Հանդիպման մասնակիցները եւս իրենց տեսակետներն են ներկայացրել ու արել առաջարկներ: Կարեւորվել է քաղաքականության մեջ կանանց ակտիվությունը բարձրացնելու նպատակով համապատասխան ծրագրերի ու միջոցառումների իրականացումը: