ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՑՈՒ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

05/15/2009
Մայիսի 15-ին Ավանի և Նոր-Նորքի բազմահազար բնակիչներ ժամանել էին Գայի արձանի հարևանությամբ այգում՝ ունկնդրելու ԲՀԿ նախընտրական ծրագիրը և ընտրացուցակի ներկայացուցիչների ելույթները: Հանդիպմանը ներկա էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ քաղաքապետի թեկնածու, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԲՀԿ Քաղխորհրդի ներկայացուցիչներ և այլոք:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին և կուսակցության ներկայացուցիչներին ուղղված ողջույնի խոսքին հետևեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար, ԲՀԿ Քաղխորհրդի անդամ Գևորգ Պետրոսյանի ելույթը: Պրն. Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց իրեն վստահված բարձր պատասխանատվության համար և նշեց, որ ինքն էլ, ինչպես կուսակցական գործընկերները, միշտ առաջնորդվում է «մեր խոսքը գործ է» սկզբունքով:

Ելույթ ունեցան ԲՀԿ ներկայացուցիչներ, Քաղխորհրդի անդամներ: Հանդիպման ավարտին Ավանի և Նոր-Նորքի բնակիչներին կոչով դիմեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշկյանը: «Մեր առաջադրած թեկնածուները փորձառու են, գիտեն քաղաքի խնդիրները եւ վստահ կարող են պատասխանատվություն ստանձնել դրանք լուծելու համար։ Մենք երաշխավորում ենք, որ վստահելով մեզ՝ մայրաքաղաք Երեւանում կունենանք  առավել պատասխանատու, նաեւ հաշվետու իշխանություն»,-հավաքվածներին դիմեց պրն. Քուշկյանը:

Ողջունելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցներին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խոսեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրային հիմնադրույթների և հետագա գործունեության մասին: «Մենք պետք է ընտրենք քաղաքային այնպիսի իշխանություն, որը կարող է մասնագիտորեն եւ սրտացավ կերպով լուծել քաղաքի խնդիրները, մշտապես լինել բնակչի կողքին։ Քաղաքային իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է լինի երեւանցու շահերի պաշտպանությունը»,-նշեց պրն. Ծառուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 19-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Դավիթ Անհաղթի պուրակում: