ՎԻԿՏՈՐ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻ ԱՅՑԸ ՍՊԻՏԱԿ

12/07/2008
1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետեանքները վերացնելու, տուժածներին օգնության ձեռք մեկնելու համար շատերի թվում Հայաստան էին եկել նաեւ ուկրաինացի փրկարարները, շինարարներն ու մասնագետները: Երկրաշարժի 20-րդ տարելիցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով երեկ Հայաստան ժամանեց Ուկրաինայի Գերագույն Ռադայում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի` Ռեգիոնների կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչի գլխավորած պատվիրակությունը:


Ուկրաինայում մեծ հեղինակություն վայելող այս գործիչը 1988-ին եղել է աղետի գոտում` Սպիտակ և Վանաձոր քաղաքներում ղեկավարել է տրանսպորտային հանգույցի աշխատանքը:

Գյումրու օդանավակայանում Վ.Յանուկովիչին դիմավորելու էին եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, ԲՀԿ-ի քաղխորհրդի անդամները և այլ պաշտոնյաներ:

Ուկրաինական պատվիրակությունը նախ եղավ Գյումրիում: Այստեղ նրանք ծաղիկներ ու ծաղկեպսակ դրեցին 1988-ի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, որը գտնվում է ավերիչ երկրաշարժից հետո կառուցված սուրբ Հակոբ եկեղեցու բակում, ապա մոմ վառեցին առաքելական այդ եկեղեցում:

Հաջորդ եւ հիմնական կանգառը Սպիտակ քաղաքում էր, այստեղ Վ.Յանուկովիչին ու հյուրերին սպասում էր մարդկանց հոծ բազմությունը` ջերմ պաստառներով եւ ողջույններով: Ժողովուրդը դուրս էր եկել ի դեմս ուկրաինացիների իր երախտագիտությունը հայտնելու բոլոր նրանց, ովքեր դժվարին պահին օգնության ձեռք են մեկնել: Սպիտակ համայնքի ավագանու որոշմամբ, դեռեւս 2004 թվականից քաղաքի մեծ փողոցներից մեկն ու դրան հարող հրապարակը կրում են Վ.Յանուկովիչի անունը:

Իր անունը կրող հրապարակում, դիմելով սպիտակցիներին, ուկրաինացի հյուրն անկեղծացավ, որ 20-ամյա ընդմիջումից հետո Սպիտակ մտնելուց սիրտը շատ արագ է բաբախել: «Հիշեցի այն պատկերը, որը հառնեց մեր աչքերի առջեւ առաջին անգամ Սպիտակ գալիս, այն չէր կարող սարսափի զգացում չառաջացնել: Մենք սպասում էինք, որ կտեսնենք ողբերգություն, բայց այդպիսին, չէինք սպասում: Չտեսանք գոնե մեկ կանգուն տուն, որտեղ հնարավոր էր ապրել, ամեն ինչ փլուզված էր»,-ասաց նա` հիշելով, որ առաջին շրջանում աշխատում էին առանց հանգստի: Վ.Յանուկովչի խոսքերով, աշխատանքի բերումով մարդկային շատ դժբախտությունների ականատես է եղել, բայց այն ինչ տեսել է 1988-ի երկրաշարժից հետո ոչնչի հետ համեմատել չի լինի. բնության տարերքին անխնա մի քանի վայրկյանում զոհ են դարձրել տասնյակ հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորները մնացել են առանց բնակարանի: Նա հիշեց, թե ինչպես է իր աչքերի առաջ մահացել երիտասարդ կռունկավարը, ում սիրտը չի դիմացել, երբ բարձրացնելով փլատակները, տեսել է սեփական մարմնով երեխաներին պաշտպանող մոր մարմինը: «Ավերիչ երկրաշարժից հետո նոր սերունդ է ծնվել ու մեծացել, եւ այսօր ես տեսնում եմ բոլորովին այլ դեմքեր, բայց այն վշտի դրոշմը դեռ մնացել է այստեղի օդում»,- եզրափակեց ուկրաինացի քաղաքական գործիչը` ընդգծելով, որ մեր ողբերգությունը միավորում է ժողովուրդներին:


Լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ թեև աղետից անցել է 20 տարի, բայց մարդկանց հոգիներին տխրությունը չի լքել, շատերը մինչեւ այսօր բնակարան չունեն: Նրա տեղեկացմամբ, ՀՀ կառավարության որոշմամբ, մինչեւ 2013 թվականը Սպիտակում դեռեւս անօթեւան բոլոր 375 ընտանիքները կապահովվեն բնակարաններով: «Պետք է հետեւենք այդ աշխատանքներին, որ մինչեւ 2013 թվականը դրանք իրականացնենք»,-եզրափակեց նա` նկատելով, որ այդ դեպքում մարդիկ գոնե հոգեպես ու բարոյապես իրենց լավ կզգան:


Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հունիսի 12-ի Գյումրիում անցկացված արտագնա նիստում ընդունվեց աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման հայեցակարգը, համաձայն, որի մինչեւ 2013 թվականը կլուծվի աղետի գոտու 6985 ընտանիքները բնակարանային պայմանների բարելավման խնդիրը: Կշարունակվի ԲԳՎ-ների տրամադրման գործընթացը, արդեն սկիզբ է դրվել բնակարանաշինական ծրագրերին, ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքներում: Գ.Ծառուկյանն ընդգծեց, որ պետական այս ծրագրերի իրականացման հիմնական ծանրությունն ընկնում է քաղաքաշինության նախարարության վրա` վստահեցնելով, որ մինչեւ 2013 թվականը դրանք իրականություն կդառնան:

Իսկ մինչ այդ սպիտակցիները շրջապատել էին գործարարին, բոլորը փորձում էին ներկայացնել իրենց խնդիրը` ակնկալելով որևէ աջակցություն: Գ.Ծառուկյանը բարեհոգաբար լսում էր բոլորին, շատերին խոստանում օժանդակել:

Այցի շրջանակներում ուկրաինացի գործիչը եղավ նաեւ Երեւանում, ունեցավ երկկողմ մի շարք հանդիպումներ և ուշ երեկոյան վերադարձավ Ուկրաինա: