ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈՅԻ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԼՈՂԱՓՆՅԱ ՎՈԼԵՅԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԻ ՏԱԿ

01/15/2009
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով հունվարի 14-ին ուշ երեկոյան Բրազիլիայից Երևան ժամանեցին լողափնյա վոլեյբոլիստների տղաների՝ Բուբա-Տյագու, Ռաֆայել-Գիլյերմե, և աղջիկների՝ Մարիաննա-Ֆեռնանդա զույգերը: Հունվարի 15-ին Գագիկ Ծառուկյանը հանդիպեց բրազիլացի մարզիկներին:

Նախատեսվում է, որ կստորագրվի պայմանագիր, համաձայն որի բրազիլացիներն այսուհետև Հայաստանի ազգային դրոշի ներքո հանդես գալու իրավունք ձեռք կբերեն:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը գումարներ է ներդնելու, վարձատրելու, կազմակերպելու մարզումները և հավաքները, ֆինանսավորելու է նաև նրանց մարզիչներին, ապահովելու է հանդերձանքով, անհրաժեշտ վիտամիններով, նաև պարգևավճարներ է հատկացնելու հեռանկարային մարզիկներին: Նախատեսվում է ԲՀԿ նախագահի և մարզիկների ևս մեկ հանդիպում, որտեղ վերջնականապես կհստակեցվեն պայմանները և կստորագրվեն պայմանագրերը: Բոլոր մարզիկներն էլ կստանան քաղաքացիություն և իրավունք կունենան միջազգային մրցումներին հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո: