ԿԱՅԱՑԱՎ ԲՀԿ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

04/30/2009
Ապրիլի 30-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքի և «Հասարակության հետ կապի նոր վեբ գործիքների» շնորհանդեսը: 

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Հասարակության հետ կապի նոր վեբ գործիքներ» ծրագրի համակարգող Հայկ Ակարմազյանը հանրությանը և լրագրողներին ներկայացրեցին ԲՀԿ պաշտոնական կայքը, կուսակցության ալիքը «Յութուբ» վիդեոբլոգում, կուսակցության բլոգը «Վորդպրես» հեղինակավոր կայքում, անդրադարձան  նաև մշակված մյուս գործիքներին:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը նշեց, որ ԲՀԿ էլեկտրոնային գործիքները առավել թափանցիկ և անմիջական են դարձնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և հասարակության միջև կապը, նպաստում են լրագրողների հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը: «Մշակված նոր գործիքները նպատակ ունեն մեր հանրությանը լիարժեք ներկայացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասարակական-քաղաքական գործունեությունը, էլ ավելի թափանցիկ դարձնել, ինչպես նաեւ բարձրացնել կուսակցության ու հասարակության լայն շերտերի միջեւ փոխադարձ կապերի եւ հաղորդակցության մակարդակը»,-ելույթում նշեց պրն. Գալստյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Հասարակության հետ կապի նոր վեբ գործիքներ» ծրագրի համակարգող Հայկ Ակարմազյանը ներկայացրեց էլեկտրոնային տեղեկատվական միջավայրում կիրառվող ԲՀԿ վեբ գործիքների լայն համալիրը՝ ընդգծելով յուրաքանչյուր էլ. գործիքի դերը և առանձնահատկությունը: Պրն. Ակարմազյանը նշեց, որ ԲՀԿ պաշտոնական կայքը ամեն օր թարմացվում է, գործում է հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով, կայքում տեղադրվում է տեղեկատվություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ինչպես նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեության մասին: «Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բլոգը նախագծված է հասարակության հետ անմիջական կապն էլ ավելի ամրապնդելու և հասարակության կարծիքին ծանոթանալու համար»,-նշեց պրն. Ակարմազյանը:

Լրագրողների ուշադրությանը ներկայացվեց նաև ԲՀԿ վիդեոալիքը «Յութուբ» հեղինակավոր վիդեոբլոգում: «Յութուբում» տեղադրված են կուսակցության նախագահ   Գագիկ Ծառուկյանի և Կուսակցության գործունեության մասին տեսանյութեր՝ համառոտ մեկնաբանություններով: «Կուսակցության համակիրները գործունեություն են իրականացնում նաև սոցիալական ցանցերում, դրանցից է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը»,-տեղեկացրեց պրն. Ակարմազյանը:

Ներկայացվեց նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի էջը «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում հայերեն և ռուսերեն տարբերակներով: Այս էջերում մանրամասն ներկայացված է Գագիկ Ծառուկյանի կենսագրությունը, ինչպես նաև պրն. Ծառուկյանի քաղաքական գործունեությունը և բիզնես կարիերան:

Միջոցառման ավարտին բանախոսները պատասխանեցին լրագրողների հարցերին: