Խնդիրը ԲՀԿ-ի մեջ չէ, այլ Կառավարության

10/26/2016

ԱԺ-ն սկսեց իր աշխատանքները, և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսեց եզդի ազգի ցեղասպանության մասին: Նա նշեց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արդեն իսկ դրական եզրակացություն է տվել «Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունները դատապարտելու վերաբերյալ» հայտարարությանը: «Պարոն Սահակյան, ես հորդորում եմ Ձեզ հայտարարության տեքստը քննարկել այսօր կամ վաղը: Շատ կարևոր է, որ Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ կատարվող ցեղասպանությանը ՀՀ ԱԺ-ն տա իր հստակ գնահատականը: Հայտարարության տեքստը պատրաստ է, ճիշտ չի լինի այն այս քառօրյայում չքննարկել»,- դիմնելով ԱԺ նախագահին՝ ասաց Նաիրա Զոհրաբյանը: Ի պատասխան պատգամավորի՝ Գալուստ Սահակյանն ասաց, թե ինքը կորոշի՝ երբ և ինչ օրինագիծ դնել քննարկման: Սակայն Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաև օրեր առաջ Նաիրա Զոհրաբյանի կողմից բարձրացված «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ի գործունեությանը վերաբերող հարցին: «« Նաիրիտ»-ի վերաբերյալ ասեմ, որ շատ լավ կլինի լսումներ կազմակերպեք, որովհետև երեկ էլ հայտարարեցինք, որ Կառավարությունն ու հանձնաժողովը դրական եզրակացություն ունեն, ինչն այդպես չէ: Դրա համար լսումներ կկազմակերպեք, Կառավարությունն էլ կլինի, որ նոր հետո կլինի ԱԺ նիստերում»,- ասաց նա: ԱԺ նախագահի խոսքերը դուր չեկան ԲՀԿ խմբակցության ղեկավարին, և նա արձագանքեց ու շեշտեց. «Եթե նախարարն ինձ հետ խոսում է ու ասում, որ իրենց վերաբերմունքը միանշանակ դրական է, հետո կառավարությունը փոշմանում է, ապա էստեղ պրոբլեմը ԲՀԿ-ի մեջ չէ, պրոբլեմը Կառավարության մեջ է: Թող հստակեցնի կառավարությունն իր դիրքորոշումը՝ կո՞ղմ է, դե՞մ է, թե՞ ձեռնպահ է»: 

http://newsbook.am/?p=92829%2Fxndiry+bhk-i+mej+che+ayl+karavarutyan&l=am