ԲՀԿ-ն ընդդեմ ֆեյքերի. կուսակցության հաղորդմանն ընթացք է տրվել

10/27/2016

ArmLur.am լրատվականը հոկտեմբերի 19-ին հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կեղծ օգտատերերի դեմ դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչություն` պահանջելով նրանց պատասխանատվության ենթարկել թե՛ կուսակցության, թե՛ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մասին անձնական վիրավորանքներ հնչեցնելու համար: Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր. «Մենք պաշտոնապես դիմել ենք ոստիկանապետին` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի քանի կեղծ օգտատերերի անվան տակ հանդես եկող վիժվածքների պատասխանատվության ենթարկելու համար: Ես եւ պարոն Մելքումյանը հրավիրվել ենք ոստիկանության 6-րդ կամակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն, որտեղ ես անձամբ գրել եմ բացատրությունը, տվել եմ հաղորդում, եւ քրեական գործ է հարուցվելու»։ Պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ տարբեր կեղծանունների տակ թաքնված կեղծ օգտատերերը պիտի հասկանան, որ մարդկանց վիրավորելը, վարկաբեկելը հանգեցնելու է քրեական պատասխանատվության: «Ժողովուրդ»-ին իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունը պատգամավորի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։ ՔԿ-ից երեկ մեզ հայտնեցին, որ նյութերը ստացվել են, օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի: Թե ինչ հույսեր կարելի է կապել իրավապահների հետ, դեռեւս վաղ է ասել, մանավանդ այն պարագայում, որ զրպարտությունն ապաքրեականացվել է: Եվ այն, որ տարբեր օղակներում, այդ թվում՝ քաղհասարակության շրջանում, արդեն տեւական ժամանակ է՝ այս հարցը բարձրացվում է, իսկ իրավապահ համակարգի ներկայացուցիչները միաբերան կրկնում են, որ խնդրի լուծումն իրենց վերահսկողության տակ չի կարող լինել, առավել քան մտահոգիչ է: Առավել եւս, որ կեղծ օգտատերերը վերջին շրջանում ավելի ակտիվ գործունեություն են ծավալում սոցիալական տիրույթում: Եվ այն, որ դրանց դեմ պայքարն օրհասական խնդիր է դարձել, ակնհայտ է: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին «Ժողովուրդ»-ը հայտնել է, որ մի խումբ անհատ լրագրողներ եւ լրագրողական կազմակերպություններ, հասարակական ու քաղաքական գործիչներ դիմել են իրավապահներին, որպեսզի նախընտրական շրջանում ապահովվի իրենց անվտանգությունը, եւ ֆեյսբուքյան կեղծ հաշիվները, որոնցից իրենց վերաբերյալ վարկաբեկող եւ զրպարտող գրառումներ են կատարվում, բացվեն` հետագայում նման խնդիրներից խուսափելու համար: Հայտնել ենք նաեւ, որ խնդիրը պետական մակարդակով եւս քննարկվում է: Ըստ այդմ՝ հայրենի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ քննարկում են կեղծ օգտատերերին գաղտնազերծելու մեթոդները: Խնդիրը, սակայն, այն է, որ, այսպես կոչված, ֆեյքը իրական օգտատերից տարբերելը դժվար եւ ժամանակատար գործընթաց: Հուսանք այս հանգամանքը չի խանգարի, որպեսզի «Ֆեյսբուքում» հաստատված եւ այնտեղ զրպարտչական մեկնաբանություններ ու ստատուսներ գրող անդեմ ստահակները ջրի երես դուրս գան: 

http://armlur.am/603671/