ԲՀԿ-ականները սպասում են Ծառուկյանի պատասխանին. Վահե Էնֆիաջյան

10/25/2016

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի տան մոտ երեկ անցկացված ակցիային՝ նշելով, որ ԲՀԿ-ականները սպասում են Ծառուկյանի պատասխանին: Ըստ Էնֆիաջյանի՝ այս պահի դրությամբ Ծառուկյանից արձագանք չկա, բայց իրենք հուսով են, որ առաջիկայում կլինի:

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները գնացել էին Ծառուկյանի տան մոտ՝ նրան խնդրելով վերադառնալ քաղաքականություն: Տեղեկություններ էին եղել, թե Ծառուկյանը նրանց հորդորել էր ցրվել: Վահե Էնֆիաջյանը պարզաբանեց, որ ոչ թե ցրվելու, այլ տարածքը լքելու կոչեր են եղել Գագիկ Ծառուկյանի կողմից:

«Դա սխալ մեկնաբանություն էր: Տան անվտանգության աշխատակիցներն են այնտեղ եղել, տարածքի մուտքի հետ կապված խնդիր է եղել: Ես այդ ժամանակ տարածքում չեմ եղել, այդ խնդիրն իմ ժամանելուն պես մեծ հաշվով կարգավորվել է:

Անվտանգության աշխատակիցներն էլ փոխանցել են Գագիկ Ծառուկյանի խոսքը, որ այս պահին անհնար է նրանց հետ հանդիպումը, բայց նաև ասել է, որ ինքը որևէ հարցում կաշկանդված չէ հրապարակավ խոսք ասելու»,- մանրամասնեց նա:

Նա նշեց, որ Ծառուկյանի վերադարձի կարիք կա, քանի որ ԲՀԿ-ականները գտնում են, որ նրա մարդկային տեսակն ու որակը բավարար է, որ նա ներգրավվի քաղաքական դաշտում այն փոփոխությունների իրականացմանը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է:

Հարցին, թե ԲՀԿ-ականները մտավախություն չունե՞ն, որ երբ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն ու նորից սկսի որոշակի ընդդիմադիր գործողություններ իրականացնել, կարժանանա նախորդ անգամվա ճակատագրին, Էնֆիաջյանը պատասխանեց. «Եկեք մի քանի բան առանձնացնենք: Նախ, Գագիկ Ծառուկյանն ինչի՞ համար մի կողմ քաշվեց ակտիվ քաղաքականությունից: Այդ հայտնի դեպքն իր հերթին արձանագրելով հանդերձ, մենք, հատկապես Գագիկ Ծառուկյանը, շատ լավ գիտակցում էինք, որ եթե հասարակությանը փողոց հանեինք և հեղափոխական ճանապարհը մենք շարունակեինք փողոցում, արյունահեղություն էր տեղի ունենալու:
Մենք ինքներս փոփոխությունների կարիքն արձանագրել ենք և հիմա էլ ենք արձանագրում, բայց ճանապարհներ կան, գործիքակազմ կա քաղաքական դաշտում, որից մենք չենք օգտվել և չենք օգտվի: Եվ եթե այնպիսի մարդիկ կան, որոնք հորդորում են կամ նման սպասելիքներ ունեն, մեծ հաշվով ոչ ոք նրանց ոչ ձեռքն է բռնել, ոչ էլ ոտքերն է կապել, կարող են նման ճանապարհով գնալ: Մենք նման ճանապարհով չենք գնացել, չենք էլ հորդորում, որ ինչ-որ մեկն այդ ճանապարհը համարի մեր պետության համար արդիական»:

Հարցին, թե ԲՀԿ-ականների ակցիան շարունակակա՞ն է լինելու, պատգամավորը պատասխանեց, որ նախաձեռնողներն այս պահին սպասողական կեցվածք ունեն, և կախված Ծառուկյանի պատասխանից, չի բացառվում, որ նմանօրինակ նախաձեռնություններ ևս տեղի ունենան: 

 

http://www.lragir.am/index/arm/0/country/view/141571