«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ, ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

02/14/2009
ՀՀ Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը ելույթը սկսեց ՀՀ գործադիր մարմնում կուսակցության անդամների գործունեության ներկայացմամբ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ են ՀՀ Առողջապահության, Սպորտի և երիտասարդության հարցերի և Քաղաքաշինության նախարարները:

Վարդան Վարդանյանը կարևորեց բոլոր երեք նախարարությունների դերը երկրի բարգավաճման գործում: «Կուզենայի մի քանի խոսքով անդրադառնալ օրենսդիր եւ գործադիր մարմիններում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների համագործակցությանը: Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության անդամները մշտական կապի մեջ են մեր նախարարների հետ: Հատկապես ուզում եմ հիշեցնել 2008 եւ 2009 թվականների պետբյուջեի քննարկումները, որի ընթացքում մեր համագործակցությունն ունեցավ լավագույն դրսեւորումները»,- ամփոփեց Վարդան Վարդանյանը:

Վարդան Վարդանյանը ցանկություն հայտնեց օրենսդիր մարմնի հետ համագործակցությունն էլ ավելի արդյունավետ դարձնել: 2008 թվականին ՀՀ  7 քաղաքներում և 91 գյուղերում բարձրագույն պաշտոններում ընտրվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, ինչը Վարդան Վարդանյանի կարծիքով էլ ավելի է պարտավորեցնում կուսակցությանը ստանձնած առաքելությունն իրականություն դարձնելու համար:

Ավարտելով ելույթը՝ Վարդան Վարդանյանը հավաստեց, որ ողջ կուսակցությունը հավատարիմ է մնալու կուսակցության նախագահի՝ Գագիկ Ծառուկյանի սկզբունքին՝ «Ամեն ոք գնահատվելու է ըստ աշխատանքի»: