«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

02/16/2009
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդգծեց, որ վերջին երկու տարին բարդ և իրադարձություններով հարուստ ժամանակաշրջան էր: 2007 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, առաջին անգամ մասնակցելով  խորհրդարանական ընտրություններին, ստացավ ՀՀ քաղաքացիների լուրջ աջակցությունն ու վստահությունը: Կարճ ժամանակահատվածում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը  դարձավ Հայաստանի Հանրապետության ազդեցիկ քաղաքական ուժերից մեկը, որի կշիռն ու հեղինակությունը շարունակում է աճել։ 2008 թվականի նախագահական ընտրություններում կուսակցության պաշտպանած թեկնածուն հաղթեց և ընտրվեց երկրի նախագահ: Ձեւավորվեց կոալիցիոն կառավարություն, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացավ նախարարի 3 պորտֆել։

«Կուսակցությունը հավատարիմ է քաղաքական կոալիացիայի հռչակած սկզբունքներին, և մենք սերտորեն համագործակցում ենք կոալիցիոն մեր գործընկերների հետ: Այսօր ես այս ամբիոնից կրկին վերահաստատում եմ մեր աջակցությունը երկրում ընթացող խորքային բարեփոխումների ուղղությամբ նախագահ Սերժ Սարգսյանի վճռականությանն ու տարվող քաղաքականությանը։ Եվ մենք, գիտակցելով պատասխանատվության մեր բաժինը, այսուհետ ևս շարունակելու ենք  նպաստել Հայաստանի Հանրապետության հզորացմանն ու բարգավաճմանը»,- ելույթում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ելույթում անդրադարձ եղավ նաև ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին: «Պետք է գիտակցենք, որ դրությունն էլ ավելի է լրջացնում  համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը։ Այս պայմաններում մենք անթույլատրելի ենք համարում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարկային բեռի ավելացման փորձերը: Որպես կանոն, նման դեպքերում պետք է տեղի ունենա ճիշտ հակառակը, և մենք այդ մասին ասել ենք բազմիցս»,- ներկայացրեց Գագիկ Ծառուկյանը և հավելեց, որ անհրաժեշտ է վերանայել Հայաստանի բանկային համակարգում բիզնեսի վարկավորման պայմանները, նվազեցնել տոկոսադրույքները, հայրենական արտադրողների օժանդակությանն՝ ուղղված պետական աջակցության ծրագրեր իրականացնելուն։    

Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ նաև նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: «2008 թվականին նկատելիորեն ակտիվացան Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ջանքերը։ Դա զգուշավոր լավատեսություն է ներշնչում բանակցային գործընթացում գործնական առաջընթաց ունենալու վերաբերյալ: Ղարաբաղի խնդրի վերջնական լուծումը պետք է բխի հայ ժողովրդի շահերից: Արցախի հարցը մեր բոլորի և մեզնից յուրաքանչյուրի հարցն է»,- ավելացրեց Գագիկ Ծառուկյանը:

Ելույթի հաջորդ հատվածը նվիրված էր հայ-թուրքական հարաբերություններին: Գագիկ Ծառուկյանը ներկաներին տեղեկացրեց, որ 2008 թվականը նշանավորվեց նաեւ հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված որոշակի առաջընթացով։ «Մենք ողջունեցինք նախագահներ Սերժ Սարգսյանի և Աբդուլա Գյուլի երեւանյան հանդիպումը, դրան հաջորդած տարբեր մակարդակի դիվանագիտական շփումները։ Կարծում եմ, որ մեր երկու ժողովուրդները, լինելով հարևաններ, պետք է ունենան միմյանց հետ հարաբերվելու միջազգայնորեն ընդունված հնարավորություններ, իսկ տարածաշրջանում չպետք է մնան փակ սահմաններ»,- հավելեց Գագիկ Ծառուկյանը:

Ելույթի վերջին հատվածում Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջազգային համագործակցությանը և ներկուսակցական խնդիրներին: Անցած ժամանակահատվածում կուսակցության հետեւողական աշխատանքի շնորհիվ լուրջ կապեր են հաստատվել արտերկրի մի շարք ազդեցիկ քաղաքական ուժերի հետ։ Անցյալ տարվա փետրվարին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համագործակցության համաձայնագիր ստորագրեց Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիյա» կուսակցության, իսկ դեկտեմբերին՝ նաեւ Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության հետ։ ԲՀԿ նախագահը վստահ է, որ բարձր մակարդակի բարեկամական սերտ հարաբերությունները, որոնք հաստատվել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ, կնպաստեն Չինաստանի եւ Հայաստանի միջեւ փոխշահավետ համագործակցություն զարգացմանը ոչ միայն քաղաքական,  այլեւ տնտեսական, կրթական, քաղաքաշինության, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտներում:

«Ես հավատում եմ իմ ուժերին, ես հավատում եմ Ձեզնից յուրաքանչյուրի կարողությանը»,- ելույթի վերջում Գագիկ Ծառուկյանը խոսքն ուղղեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չորրորդ համագումարի մասնակիցներին և մաղթեց հաջողություն: